Նորություններ /

07/11/18

ՆԵՐԱՌԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ` ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅԱՆ ՄՏԱԾՈՂՈՒԹՅԱՆ ՁԵՎ…

Հոկտեմբերի 31-ից նոյեմբերի 6-ը Հայաստանի ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական ինստիտուտի ՖԴԱՏ ֆակուլտետի Ադապտիվ ֆիզիկական կուլտուրայի և անատոմիայի ամբիոնի վարիչ, պրոֆեսոր Սուսաննա Հովեյանը աշխատանքային այցով գտնվում էր Սոֆիայում, որտեղ մասնակցեց ‹‹Փոխգործակցությունը ներառական կրթության համակարգում›› խորագրով միջազգային գիտաժողովին: Սոֆիայի ‹‹Ներառական կրթության կենտրոն››-ի նախաձեռնությամբ աշխարհի 250 տարբեր երկրների մասնակիցներ հավաքվել էին մեկ հարկի տակ` քննարկելու կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող անձանց որակյալ ուսումնառության հիմնահարցերը, դիտարկելու ներառական կրթության ոլորտի մարտահարվերները, ինչպես նաև ուրվագծելու դասավանդման արդյունավետ ուղիները` նախանշելով հետագա անելիքները տեղական և միջազգային առաջավոր փորձի հիման վրա:

ԱՄՆ-ից ժամանած փորձառու մասնագետները, մասնավորապես` պրոֆեսոր Դուգլաս Չեյնին մասնակիցներին փոխանցեց ներառական կրթության ոլորտում իր ունեցած 40 տարվա փորձի ուսանելի մոտեցումները` ներկայացնելով սոցիալական հմտություններ ձևավորող և օժանդակող տեխնոլոգիաները, 5 հիմնական մեթոդները, որոնք կիրառվում են ներառական դպրոցներում:

Ս. Հովեյանի խոսքով` կրթության ոլորտում լավ արդյունքների հասնելու համար միջազգային գործընկերները հորդորեցին բազմակազմ լսարաններում սովորողներին ցուցաբերել անհատական մոտեցումներ, կիրառել ինտերակտիվ և ուսանողակենտրոն դասավանդման անսպառ հնարավորությունները, ոգևորել և ուղղորդել ուսանողներին, ցույց տալ, որ իրենցից յուրաքանչյուրը ի վիճակի է և՛ սովորելու, և՛ սովորեցնելու:

Ամփոփելով իր տպավորությունները` Ս. Հովեյանը համոզմունք հայտնեց, որ գիտաժողովում եղած քննարկումներն ու նոր մոտեցումները մասնակիցներին կօգնեն ձևավորելու միավորող հասարակություն, որում կրթությունն առաջնահերթություն է: