Նորություններ /

30/10/18

«ՕԼԻՄՊԻԱԿԱՆ ՍՊՈՐՏ, ՍՊՈՐՏԸ ԲՈԼՈՐԻ ՀԱՄԱՐ» 22-ՐԴ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԳԻՏԱԺՈՂՈՎ

ՀՖԿՍՊԻ-ի պատվիրակությունը հոկտեմբերի 25-ից 28-ը աշխատանքային այցով մեկնել էր Վրաստան: Ինստիտուտի ռեկտոր Վահրամ Առաքելյանի գլխավորած պատվիրակության այցի հիմնական նպատակն էր մասնակցել Վրաստանի մայրաքաղաք Թբիլիսիում անցկացվող «Օլիմպիական սպորտ, սպորտը բոլորի համար» խորագրով 22-րդ միջազգային գիտաժողովին, որը նվիրված էր Վրաստանի Ֆիզիկական դաստիարակության և սպորտի ուսումնական պետական համալսարանի հիմնադրման 80-ամյակին:

Ինստիտուտի պատվիրակության կազմում էին ՍՄԿ ֆակուլտետի Ա.Լալայանի անվան սպորտի մանկավարժության և հոգեբանության ամբիոնի վարիչ պրոֆեսոր Հարություն Բաբայանը, նույն ամբիոնի պրոֆեսոր Աշոտ Չատինյանը, Ֆիզիկական դաստիարակության տեսություն և մեթոդիկա ամբիոնի պրոֆեսոր Ելենա Հակոբյանը, Ուսանողների հարցերով ռեկտորի խորհրդական Հակոբ Հակոբյանը: Գիտաժողովին մասնակցում էին Ֆիզիկական կուլտուրայի և սպորտի համալսարանների միջազգային ասոցիացիայի 15 անդամ երկրների 25 բուհերի 157 պատվիրակներ` հանդես գալով շուրջ 250 զեկուցումներով: Լիագումար նիստին զեկուցվող թեմաների առանցքում էին հնագույն օլիմպիական խաղերի մեծ ժառանգության, օլիմպիական խաղերի անցկացման տարեգրության կարևորագույն դրվագները։ Գիտաժողովի աշխատանքները ընթացան 6 ուղղություններով: Հայկական կողմը ղեկավարում էր բարձրագույն սպորտի հոգեբանամանկավարժական հիմնախնդիրներին նվիրված բաժանմունքը, որտեղ ՀՖԿՍՊԻ-ի մասնակիցների զեկուցումներն ու խորքային վերլուծությունները արժանացան մեծ ուշադրության և առիթ տվեցին քննարկելու և վերհանելու փոխադարձ հետաքրքրության կարևորագույն հարցեր: Առարկայական արդյունքների ձեռքբերման տեսանկյունից Հայաստանի ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական ինստիտուտը ընդգրկվեց դրամաշնորային միջազգային ծրագրերում հայտավորված թեկնածուների ցանկում։

Միջազգային գիտաժողովի աշխատանքների արդյունքները ամփոփվեցին Ֆիզիկական կուլտուրայի և սպորտի համալսարանների միջազգային ասոցիացիայի հանրագումարային նիստում, որտեղ ՀՖԿՍՊԻ ռեկտոր Վահրամ Առաքելյանը ելույթ ունեցավ` իր խոսքում նախանշելով գործընկեր բուհերի միջև համագործակցության նոր ծրագրերի ուղղությունները:

Վրաստանի Ֆիզիկական դաստիարակության և սպորտի ուսումնական պետական համալսարանի ռեկտոր Ջեմալ Ձագանիան, խոսելով երկու բուհերի բարեկամության մասին, տեղափոխվեց 2015-ին Հայաստանում անցկացված «Օլիմպիական սպորտ, սպորտը բոլորի համար» գիտաժողով, որտեղ սկիզբ առան Վրաստանի՝ Ֆիզիկական կուլտուրայի և սպորտի համալսարանների միջազգային ասոցիացիային անդամագրվելու աշխատանքները։

Այցի ընթացքում հայկական պատվիրակությունը ստացավ նաև մեծ թվով հրավերներ մասնակցելու տարբեր երկրներում անցկացվելիք գիտաժողովների։ Առաջիկայում ՀՖԿՍՊԻ-ին հանդես կգա Ալմա-Աթիիի Սպորտի ակադեմիայի 75- ամյակին նվիրված գիտաժողովին, ինչպես նաև ներկա կգտնվի «Օլիմպիական սպորտ, սպորտը բոլորի համար» 23-միջազգային գիտաժողովին, որը կանցկացվի Հնդկաստանում: