Նորություններ /

26/10/18

ՓՈՐՁԻ ՓՈԽԱՆԱԿՈՒՄ

Փորձի փոխանակման այցով Հայաստանի ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական ինստիտուտում էին Թուրքմենստանի Սպորտի և տուրիզմի ազգային ինստիտուտի Ֆիզիկական կուլտուրայի ֆակուլտետի դեկան Նուրմուրատ Չարիմովը և Ուսանողական մարզական ակումբի տնօրեն, դասախոս Շոհրատ Մամեդովը: Երկու բուհերի միջև համագործակցային կապերը վավերացված են միջբուհական պայմանագրով, որը նախատեսում է կրթական ծրագրերի և ուսումնագիտական բնագավառի փորձի փոխանակման խթանում: Այցի սկզբում հյուրերը հանդիպեցին ՀՖԿՍՊԻ-ի պրոֆեսորադասախոսական կազմի հետ: Ուսումնագիտական գծով պրոռեկտոր Արամ Գրիգորյանը, ողջունելով Թուրքմենստանից ժամանած գործընկերներին, ընդգծեց, որ երկու բուհերի միջև համագործակցության շրջանակները լայն են և ընդգրկում են դասավանդման, ուսումնամեթոդական և գիտահետազոտական գործունեության ոլորտները՝ կարևորելով նաև ուսանողների փոխանակման ծրագրերի ընդլայնման հնարավորությունները:

Այնուհետև հյուրերը հանդիպեցին Միջազգային և գիտատեղեկատվական կենտրոնի ղեկավար Անժելա Նուշիկյանի, Սպորտային մանկավարժության և կառավարման ֆակուլտետի դեկան Գագիկ Սարգսյանի հետ:

ՀՖԿՍՊԻ-ի Որակի ապահովման բաժնի ղեկավար Արայիկ Գյոզալյանի ուղեկցությամբ Թուրքմենստանի Սպորտի և տուրիզմի ազգային ինստիտուտի պատվիրակները տեղեկատվական այցեր կատարեցին տարբեր ամբիոններ, ծանոթացան ուսումնառության պայմաններին ու հագեցվածությանը: Ճանաչողական այցերը ամփոփվեցին ինստիտուտի Պատմության թանգարանում, որտեղ հյուրերին մեծապես տպավորեցին բուհի մարզիկ-ուսանողների օլիմպիական հաղթանակների պատմությունները:

Հավելենք նաև, որ փորձի փոխանակման ծրագրի շրջանակում կանցկացվեն տարաբնույթ այլ հանդիպում-քննարկումներ, կկատարվեն երկու բուհերի գործունեության համեմատական վերլուծություններ ու տարբեր ֆորմատի աշխատանքներ: