Նորություններ /

25/09/18

«ՍՊՈՐՏ ԿԱԲ» ԳԻՏԱՀԵՏԱԶՈՏԱԿԱՆ ՆՈՐԱՐԱՐԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ԲԱՑՈՒՄԸ

Հայաստանի ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական ինստիտուտում տեղի ունեցավ «ՍՊՈՐՏ ԿԱԲ» գիտահետազոտական կենտրոնի բացումը, որը ստեղծվել է Համաշխարհային բանկի համաֆինանսավորմամբ, ԿԳՆ «Կրթական ծրագրերի կենտրոն» ԾԻԳ-ի կողմից իրականացվող «Կրթության բարելավում» վարկային ծրագրով՝ բուհին տրամադրված Նորարարությունների մրցակցային հիմնադրամի (ՆՄՀ) «Ֆիզիկական կուլտուրայի և սպորտի ոլորտում մասնագիտական կրթության արդիականացում և բարելավում» դրամաշնորհային ծրագրի շրջանակներում։

Կենտրոնի բացման հանդիսավոր արարողությանը ներկա էին ՀՀ Կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանը,ՀՀ Սպորտի և երիտասարդության հարցերի նախարար Լևոն Վահրադյանը, ՀՀ առողջապահության նախարարի տեղակալ Անահիտ Ավանեսյանը, Մասնագիտական կրթության որակի ապահովման ազգային կենտրոնի տնօրեն Ռուբեն Թոփչյանը, ինչպես նաև` ներկայացուցիչներ Համաշխարհային բանկի հայաստանյան գրասենյակից և Կրթական ծրագրերի կենտրոնից:

Մինչ պաշտոնական արարարողակարգը, բուհի ռեկտոր Վահրամ Առաքելյանի ուղեկցությամբ բարձրաստիճան հյուրերը ծաղիկներ խոնարհեցին Արցախյան պատերազմում զոհված զինվորների հիշատակը հավերժացնող հուշաքարին և հարգանքի տուրք մատուցեցին հերոսների հիշատակին: Իր խոսքում ՀՖԿՍՊԻ-ի ռեկտոր Վահրամ Առաքելյանը նշեց, որ գիտահետազոտական կենտրոնի բացումը ինստիտուտի որդեգրած քաղաքականության շարունակականության արդյունքն է, այն է` արդիականացնել և կատարելագործել ֆիզիկական կուլտուրայի և սպորտի բնագավառում իրականացվող գիտական հետազոտությունները` նպաստելով սպորտային բժշկության ոլորտի գիտահետազոտական աշխատանքների ընդլայնմանը:

ՀՀ Կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանը ևս կարևորեց նմանօրինակ ծրագրերի իրականացումը, որը նոր որակական հարթության վրա է տեղափոխում բուհի գործունեությունն ու նրա վարկանիշը:

Գիտահետազոտական նորաբաց կենտրոնի տնօրեն Արայիկ Գյոզալյանը նշեց, որ այս համատեքստում համագործակցության լուրջ ծրագրեր են նախատեսվում տարբեր մարզաձևերի ֆեդերացիաների, հավաքական թիմերի և մարզական այլ շրջանակների հետ, որոնք բացառիկ հնավորություն կունենան նորարարական կենտրոնում իրականացնելու հետազոտական աշխատանքներ, վերաչափելու մարզիկների պատրաստվածությունն ու ուժերը մարզական կարևորագույն ստուգատեսերից առաջ:

Հատկանշական է՝ կենտրոնը, որը հագեցած է եզակի սարքավորումներով, ինչպես նաև կենսագործընթացների կառավարման համակարգով, դեռևս միակն է ողջ տարածաշրջանում: Կենտրոնում տեղադրված արդիական սարքավորումների խմբաքանակն արդեն իսկ պատրաստ է իրականացնելու մասնագիտական անհրաժեշտ գործառույթներ: